Լեհաստանի Վրոցլավ քաղաքում տրվել է ծանրամարտի աշխարհի հերթական առաջնության մեկնարկը: Տղամարդկանց մեր ընտրանին մասնակցում է Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ),Հայկ Հակոբյան կազմով: Վերջինս ներկայացնում է գերծանր քաշային կարգը:
Ասել, թե այս մարզիկները հերթափոխի կանգնած սերունդն են, ինչպես ներկայացրել է հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը, կնշանակի մեղանչել իրականության առաջ, քանզի նրանք արդեն եթե ոչ աշխարհի, ապա առնվազն Եվրոպայի մի քանի առաջնությունների փորձ ունեն տարիքային տարբեր խմբերում, տարբեր հաջողություններով: Համենայն դեպս, Սմբատ Մարգարյանին ու Հայկ Հակոբյանին բոլորովին վերջերս ենք տեսել Եվրոպայի քսան ու քսաներեք տարեկանների առաջնությունում, որտեղ առաջինը քսան տարեկանների մրցությունում բրոնզե մեդալի է արժանացել երկամարտի 241 (104+137) կիլոգրամ ավելի քան համեստ արդյունքով, իսկ երկրորդը թեպետ ավելի հաջող է հանդես եկել` քսաներեք տարեկանների մեջ դառնալով աշխարհամասի փոխչեմպիոն, սակայն ցույց է տվել իր քաշային կարգի համար ոչ պակաս համեստ` 393 (182+211) կիլոգրամ արդյունք:
Մենք միտումնավոր չենք նշում նրանց քաշային կարգերում չեմպիոն դարձած մարզիկների արդյունքները, որ ընթերցողը վախից սիրտը չբռնի: Նույն նպատակով չենք նշում, թե ինչ արդյունքներ են գրանցվել հիշյալ քաշային կարգերում թեկուզ Եվրոպայի մեծահասակների վերջին առաջնությունում: Թե այս մարզիկներով (նկատի ունենք և Վանիկ Ավետիսյանին) ի՞նչ է անելու Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնությունում (Սմբատի համար հայտավորած 255 կիլոգրամը 11-րդ, Վանիկի 320-ը` 10-11-րդ, Հայկի 400-ը`16-19-րդ արդյունքներն են նախնական պատվերների մեջ), եզրակացությունները թողնում ենք ձեզ, հետն էլ ասում` տա Աստված, որ սխալվողը մենք լինենք:
Ծանրամարտը տարիներ շարունակ Հայաստանում փայլուն ավանդույթներ է ունեցել: Ցավոք մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով մենք ներկայումս հայտնվել ենք խոր փոսում, որտեղից ելնելու աղոտ հույսեր էլ չեն գծագրվում: Թե ինչու է սա այսպես, մենք արդեն տևական ժամանակ ահազանգում ենք, բայց ո՞ւմ ինչ է հետաքրքրում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ